Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
Ռազմական հանցագործությունների փաստերի արձանագրման, պետության և քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցում չափազանց կարևոր է դատական փորձաքննությունների դերը. Ա. Հովսեփյան
ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ղեկավար անձնակազմը՝ տնօրեն Ա․ Հովսեփյանի գլխավորությամբ այսօր՝ սեպտեմբերի 22-ին տեսակապի միջոցով մասնակցեց Ուզբեկստանի Հանրապետության արդարադատության նախարարության Խ. Սուլեյմանովայի անվան դատափորձագիտական հանրապետական կենտրոնի կազմակերպած «Դատափորձագիտական բնագավառի զարգացման ժամանակակից մեթոդներն ու գերակայությունները» թեմայով միջազգային գիտագործնական համաժողովին: Միջոցառմանը մասնակցում էին ԱՄՆ-ի, Ուզբեկստանի, Սլովենիայի, Ղազախստանի, Չինաստանի և այլ երկրների դատափորձագիտական կառույցների ղեկավարներ, առաջատար փորձագետներ, գիտնականներ և այլ կառույցների ներկայացուցիչներ։
Գիտաժողովին ողջույնի խոսքով հանդես եկավ Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու Արգամ Հովսեփյանը։ Վերջինս ընդգծեց դատափորձագիտական ոլորտում միջազգային փոխգործակցության զարգացման կարևորությունը՝ առկա խնդիրների արդյունավետ լուծման, ոլորտի գիտամեթոդական ապահովման, բարձր որակավորում ունեցող փորձագետների պատրաստման և ի հայտ եկող այլ խնդիրների հաղթահարման համատեքստում։
«Հաշվի առնելով ներկայիս աշխարհաքաղաքական բարդ իրավիճակը, այդ թվում մեր տարածաշրջանում առկա զարգացումները, ցանկանում եմ ընդգծել գիտաժողովի կարևորությունն այն համատեքստում, որ դատական փորձաքննությունների ոլորտը՝ որպես կատարված ռազմական հանցագործությունների և միջազգային նորմերի խախտումների փաստերի արձանագրման, պետության և քաղաքացիների շահերի պաշտպանության համար կարևոր օղակ, պետք է համարժեք զարգացնի իր հնարավորությունները՝ անհերքելի փաստերի արձանագրման միջոցով աջակցելով իրավական գործընթացներին»,-իր ելույթում նշեց կառույցի ղեկավարը՝ խաղաղություն և կայունություն մաղթելով մասնակիցներին։
Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է մասնակցությունը նմանօրինակ միջոցառումներին՝ ի նպաստ միջազգային համագործակցության շրջանակների ընդլայնմանը, մեր երկրում դատափորձագիտական հնարավորությունների արդիականացմանն ու ոլորտի կայուն զարգացման ապահովմանը։
28 Դեկտեմբեր 2016